ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի մասով համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
Ըստ փոխքաղաքապետի՝ ծրագրով նախատեսվում է 38 հանրային շինություններում (6 պոլիկլինիկա, 32 մանկապարտեզ) իրականացնել սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ:
«Եվրոպական նեդրումային բանկի կողմից գնահատված ծրագրի ընդհանուր արժեքը 37,1 մլն եվրո է: ՀՀ-ն մտադիր է ֆինանսավորել հետևյալ աղբյուրներից. Երևանի քաղաքապետարանը համաֆինանսավորելու է 2 մլն եվրո, բանկի կողմից տրամադրվելու է վարկ 25 մլն եվրոյի չափով, և հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը կազմելու է 10,1 մլն եվրո»,- ասաց նա:
Վարկի ժամկետը 22 տարի է, որից 5 տարին արտոնյալ ժամկետ է, այն է՝ մայր գումարի մարում չի իրականացվում, միայն տոկոսի մարում է նախատեսվում: Վարկը եվրոյով է, լողացող է, դրույքը կախված է եվրիբորից, և դրան գումարվում է որոշակի ֆիքսված տոկոսադրույք:
«Ծրագի շրջանակներում աշխատանքների իրականացումը և շինությունների շահագործման հանձնումը պետք է լինի վարկային համաձայնագրի ստորագրումից հետո՝ 4 տարիների ընթացքում: Վարկի մասհանումների ժամկետը վարկային համաձայնագրի ստորագրումից հետո 3 տարի է»,- ասաց նա:
Եվրոպական ներդրումային բանկի հետ, ըստ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի քաղաքապետարանը հաջող իրականացրել է նաև առաջին ծրագիրը, որը ներառում էր 15 մանկապարտեզի սեյսմիկ ամրացում, վերակառուցում:
«Առաջին ծրագիրն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանն է մարում՝ սկսած մայր գումարից, վերջացրած տոկոսադրույքներով, իսկ երկրորդ ծրագրի 25 միլիոն վարկային մասը ՀՀ կառավարությունն է մարելու»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց՝ այս ծրագրից հետո մոտ 35 մանկապարտեզներ կարիք են ունենալու հիմնանորոգման, իսկ որոշ դեպքերում՝ վերանորոգման:
«Այդ 35 մանկապարտեզից հետո ունենք նոր կառուցվող 4 մանկապարտեզ: Կարելի է ասել՝ մանկապարտեզների հետ կապված բոլոր խնդիրները կարող ենք համարել սպառված՝ հիմնանորոգման, սեյսմիկ անվտանգության, էներգաարդյունավետության»,- ասաց Ավինյանը:
Նախագծն ընդունվեց 35 կողմ, 12 դեմ, 5 ձեռնպահ ձայներով: