Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական ուժերը մարտավարական հաջողություններ են գրանցել Խարկովի ուղղությամբ սահմանամերձ Վոլչանսկ քաղաքի համար մղվող մարտերում։ «Հակառակորդը զգալի ուժեր է տեղակայել քաղաքի վրա հարձակվելու համար՝ բաղկացած մինչև հինգ գումարտակից և անտեսում է կորուստները: Միայն այս ուղղությամբ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 100 ռուս զինծառայող է զոհվել»,- հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Խարկովի ուղղությամբ օպերատիվ իրավիճակը դեռևս բարդ է և դինամիկ փոխվում է։
Խարկովի մարզում ռուսական զորքերի հարձակման ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը փոխել է «Խարկով» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարին: Մեկ ամիս առաջ նշանակված Յուրի Գալուշկինին փոխարինել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Միխայիլ Դրապատին։
ՌԴ ՊՆ էլ հայտնում է, որ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա ՀՕՊ համակարգը մի քանի օդային թիրախ է խոցել: Նախնական տվյալով՝ 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել, ասել է նահանգապետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ուղղակի հարված են հասցրել նաև էներգետիկ ենթակառուցվածքին, վնասվել է 8 ավտոմեքենա։