Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաև սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, կատարվել են իրավական որոշակիության ապահովմանն ուղղված լրացումներ և խմբագրական աշխատանքներ:
Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: Այն քննարկվել է հանձնաժողովի՝ մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում: