Երևանում ապրիլին 881 լեդ տեսակի լուսատու է տեղադրվել: Դրանք հիմնականում բակային տարածքներում են տեղադրվել, հները փոխարինվել են նորերով: Լեդ լուսատուները 4000 կելվին հզորության են եղել: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ բակային տարածքներում 4000 կելվինի փոխարեն լեդ լուսատուները պետք է լինեին 3000 կելվին: Ավելի բարձր կելվինով լուսատուները պետք է տեղադրվեն հիմնական փողոցներում:
«Միջազգային փորձն ասում է, որ բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք, և այդ ցերեկային լուսավորությունը չպետք է լինի, որպեսզի ընդհանուր միջավայրը չխաթարվի»,- ասաց Ավինյանը, ապա հանձնարարեց բակային հավածներում սպիտակ, 4000 կելվին հզորությամբ լուսատուներ այլևս չտեղադրել, իսկ նախապես գնված լուսատուներն աճուրդի հանել:
«Բակային հատվածներում էլ պետք չէ այդ սպիտակ լույսերը դնել, ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ»,- ասաց նա:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ որոշվել է՝ նախապես գնված 4000 կելվին հզորությամբ 6000 լուսատուներն ընթացիկ խնդիրների համար են սպասարկվելու: