Գիտական հանրույթը հենց սկզբից միանշանակ չի ընդունել Ակադեմիական քաղաք հիմնելու Կառավարության գաղափարը: Հիմնական հարցադրումները մի քանիսն էին: Ի՞նչ խնդիր է գլոբալ առումով լուծվում, ինչպե՞ս են լուծվելու ենթակառուցվածքային խնդիրները, արդյո՞ք դա բխելու է ուսանողի շահերից, ինչպե՞ս է իրականացվելու այդ մեծ համակարգի կառավարումը: Մեկ այլ խնդիր է միջպետական բուհերի հարցը: Ակադեմիական քաղաքում նրանց համար տեղ հատկացված է, բայց այս փուլում տեղափոխվելու հարցը թողնված է նրանց հայեցողությանը:
Ի դեպ, միջպետական բուհերը ամենևին էլ դեմ չեն Ակադեմիական քաղաք տեղափոխվելուն, թեև որոշ նկատառումներ ունեն: Օրինակ, Ամերիկյան համալսարանից նշում են, որ իրենց գործունեությունն ամբողջովին Ակադեմիական քաղաք տեղափոխելը անհնարին է: Կարծում են, որ Երևանում ընդլայնվելու և Ակադեմիական քաղաքում ներկայություն հաստատելու որոշումները մեկը մյուսին չպետք է բացառեն։ Իսկ ի՞նչ են կարծում այդ մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ Աննա Զախարյանն է հետաքրքրվել: