ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ:
Դուք բժշկին ու պացիենտին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը և ձեր անհատական հատկանիշներով կարողանում եք ստեղծել վստահության, հոգատարության մթնոլորտ:
Ձեր առաջնային դերն է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին` առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակում և աջակցել նրանց այն պահին, երբ դրա կարիքը կա:
Դուք` բուժքույրերդ, առանցքային դեր ունեք նաև արտակարգ իրավիճակների արձագանքման, ռիսկերի նվազեցման գործում. ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ:
Ձեր կարիքների գնահատումը և լուծումներ տալը մեր առաջնահերթություններից է. բոնուսային համակարգի ներդրմամբ աշխատավարձերը վերանայելով` մենք խրախուսում ենք բուժքույրերի նվիրված, ամենօրյա աշխատանքը:
Չենք մոռանում նաև ձեր կրթական և մասնագիտական շարունակական զարգացման ծրագրերի կարևորության մասին, քանի որ ներդրում անելով ձեր մասնագիտական կարողությունների ուղղությամբ` միասին առաջընթաց կգրանցենք մեր երկրում բուժքույրական գործի զարգացման գործում` բարձրացնելով ձեր դերը առողջապահական ոլորտում։
Ձեր ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման առաջիկա գործընթացներում:
Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ»: