Մայիսի 7-ին դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին։ Այդ մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:
«Նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությանը հաջորդեց Հայաստանի դեսպանի և Իսլանդիայի նախագահի առանձնազրույցը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Իսլանդիա կատարած այցի ընթացքում դեսպան Աղաջանյանը հյուրընկալվեց նաև Ալթինգում և գրառում կատարեց պաշտոնական հյուրերի մատյանում։ Խոսնակ Բիրգիր Արմանսսոնի հետ կայացած բովանդակալից քննարկման ընթացքում կարևորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու հայ-իսլանդական երկխոսության խթանումը։
Դեսպան Աղաջանյանը մի շարք հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարությունում, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը՝ հանուն միջազգային իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու տարծաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։