ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով ընդլայնվում են համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինի լիազորությունները: Փաստաթուղթը նաև կոչ է անում Անվտանգության խորհրդին վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը։
Բանաձևին կողմ է արտահայտվել 143, դեմ՝ 9 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Իսրայելը, 25 երկիր ձեռնպահ է մնացել։
Գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթուղթը Պաղեստինին մի շարք ընթացակարգային իրավունքներ է տալիս՝ ներառվել մերձավորարևելյան թեմաներով հանդիպումների խոսնակների ցանկում, առաջարկել փոփոխություններ, մշտական տեղ ստանալ Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճում։
Հիշեցնենք՝ Պաղեստինը 2012 թվականից ՄԱԿ դիտորդ երկրի կարգավիճակ ունի։ Ապրիլին ամերիկյան կողմը վետո էր կիրառել Ալժիրի բանաձևի վրա, որը գլխավոր վեհաժողովին խորհուրդ էր տալիս Պաղեստինը ՄԱԿ լիիրավ անդամ ճանաչել։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը մեկնաբանել է բանաձևին դեմ քվեարկելը: «Նախագահ Բայդենը հստակ ասել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն երկու պետության ձևավորման և Իսրայելին անվտանգության երաշխիքներ տրամադրելու եղանակով: ՄԱԿ-ում միակողմանի քայլերը չեն օգնի հասնել այդ նպատակին»,- նշել է դեսպանը:
Կառույցում Իսրայելի մշտական ներկայացուցիչն էլ քննադատել է բանաձևը և մանրատման մեքենայով ոչնչացրել Համաշխարհային կազմակերպության կանոնադրության պատճենը:
«Ահա թե ինչ եք անում ՄԱԿ կանոնադրության հետ ձեր կործանարար քվեարկությամբ»,- դիմել է Գիլադ Էրդանը ներկաներին: