Փրկարարական գործի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, փրկարարի մասնագիտական առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով մայիսի 7-ին Դիլիջանի միջազգային (Dilijan International School) ավագ և «ABS» դպրոցների աշակերտները՝ ուսուցիչների ուղեկցությամբ, ճանաչողական այցով ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում էին։
Այցը մասնակիցներին հնարավորություն տվեց տեղում ծանոթանալ փրկարարական, հրշեջ-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին, մասնագիտական փրկարարական գործիքներին, հրշեջ-տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային:
Մասնակիցների համար հատկապես հետաքրքիր էր արտակարգ դեպք-պատահարների արձագանքման գործընթացի կազմակերպումը։
Հրշեջ-փրկարարները աշակերտներին ներկայացրին առօրյա գործընթացները, ինչպես նաև ցուցադրեցին դեպքերի արձագանքման ժամանակ կիրառվող հրշեջ-փրկարարական գույքը, հրշեջ տեխնիկայի մարտավարական հնարավորությունները: Դպրոցականները կարողացան շփվել փրկարարների հետ և իրականում զգալ փրկարարի աշխատանքի հետաքրքրությունն ու պատասխանատվությունը:
Ճանաչողական այցը երիտասարդներին արժեքավոր պատկերացում տվեց հասարակության մեջ փրկարարի աշխատանքի բարդ և կենսական դերի վերաբերյալ, ինչպես նաև ամրապնդեց վստահության և գնահատանքի զգացումը անվտանգությունն ապահովողների նկատմամբ: