Ամփոփվել են Սևանա լճի հանրային 6 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննել է յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվել են ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։
Հանձնաժողովը դիտարկել է դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։
Դրանք էին՝
համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին.
առաջարկվող բարձր վճարի չափը.
օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը).
ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը).
նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը).
սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա).
ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Հաղթող է ճանաչվել համար 1 և 3 հանրային լողափերի համար ներկայացված ծրագիրը։
Լողափերը գործում են 2012 թվականից, մեծ պահանջարկ ունեն հանգստացողների շրջանում, բարեկարգված և մասնակիորեն կահավորված են, ունեն ավազային ափ, իսկ ջրի խորությունը աստիճանական է։
Գտնվելու վայրը՝ Սևան քաղաքին հարակից ափամերձ հատված (0.94605 հա գտնվում է 1905․0 մ բացարձակ նիշից բարձր)։