ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻԹ գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներն ինտեգրելու և մեկ միասնական համակարգ ու քաղաքականության ունենալու նպատակով նախորդ տարի ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:
Նախարարը կարևորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը, որի համատեքստում պայմանավորվածություն է ձեռքբերվել ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագիր ստորագրելու վերաբերյալ:
Ներկայացնելով գիտության ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը մեծացնելու և խթանելու ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով համատեղ գիտական և հետազոտական համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Էրազմուս» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերին: Կողմերը պայմանավորվել են համագործակցության ծրագրերի շրջանակում ներկայացնել համատեղ նախագծեր: Միաժամանակ ընդգծվել է, որ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն՝ շուրջ 2500 համատեղ հրապարակումներ կան հայ և իսպանացի գիտնականների և հետազոտողների միջև:
Նախարարն իսպանական կողմին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ այդ համատեքստում կարևորելով նաև միջբուհական համագործակցությունը և այդ ուղղությամբ ՏՏ, բնական գիտությունների և ագրոտեխնոլոգիաների ոլորտներում համատեղ աշխատանքները: Նշվել է, որ ՀՀ ուսհաստատությունները շահագրգռված են ընդլայնել Իսպանիայի Թագավորության հետ արդեն գոյություն ունեցող համագործակցության շրջանակը, ակտիվացնել փոխայցելությունները, համատեղ միջոցառումների կազմակերպումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայագիտության ոլորտում համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությանը, քանի որ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում գործում է հայագիտության ամբիոն, իսկ ազգային գրադարանում առկա են հայկական ձեռագրեր: Այդ համատեքստում նշվել է, որ հայագիտական առարկաների ուսումնասիրության համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն տրամադրում է կրթաթոշակային տեղեր: