Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Այս մասին նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։
Պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառման ուղղությամբ։ Հանրային ու քաղաքական գործիչներն իրենց հերթին պետք է բացառեն նման խոսքի կիրառումը, իսկ զանգվածային լրատվության միջոցները՝ վերջինիս տարածումը։ Պաշտպանն ընդգծում է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդման շրջանակներում։
Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական որևէ դրսևորում պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով դրա բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։