Բագրատ Գալստանյանն այսօր կազմակերպված ակցիաների ժամանակ անդրադարձել է հնարավոր իմփիչմենթի գործընթացում իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ հայտարարություններին: Արքեպիսկոպոսը հաստատել է, որ ինքը երկքաղաքացի է, ինչը Սահմանադրությամբ վարչապետի թեկնածու լինելու հարցում խոչընդոտ է:
«Վարդան Օսկանյանը՝ մեր նախկին արտգործնախարարը, կարծիք ա հայտնել, որ էս շարժման վարչապետի թեկնածուն՝ ամենահարմար, երրորդ դեմքով ասեմ, լավ, Բագրատ Սրբազանն ա, սպասեք, համբերեք, ա՛յ մարդ: Ուրեմն ես նախապես ասեմ, որ ոչ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ և նաև սկզբունքների պատճառով չեմ ունեցել և միևնույն ժամանակ ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել, երբեք թաքնված չի եղել, բացարձակ»:
«Ժողովո՛ւրդ ջան, ես ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ ձգտում, բայց մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք ա Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմն ա: Հիմա ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ազդեցություն չունի, հիմա որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ինչ գործն է, դուք պիտի ընդդիմանա՞ք»: