«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցներն առավոտից սկսել են անհնազանդության տարբեր ակցիաներ:
Երիտասարդների մի խումբ, օրինակ, շրջելով Երևանի պետական համալսարանում, ուսանողներին համոզել է միանալ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչին, դասադուլ սկսել ու դուրս գալ փողոց: Նման կոչ հնչեցնողները երբեմն հանդիպել են կոշտ հակազդեցության: Դասախոսներից մեկը, մասնավորապես, պահանջել է դուրս գալ լսարանից, չխանգարել դասապրոցեսը: Ավելի ուշ, անհնազանդության ակցիայի մասնակիցները՝ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, երթով հասել են ԵՊՀ, որտեղից էլ այս պահին շարժվում են դեպի Пոլիտեխնիկական համալսարան:
Ի դեպ, ԵՊՀ-ից «Լուրերին» հայտնել են, որ դասապրոցեսը բնականոն շարունակվում է: Անհնազանդության ակցիաների շրջանակում կարճ ժամանակով նաև փողոցներ են փակվում:
Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին փակ փողոցներ hանրապետությունում չկան: Իսկ առավոտյան, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Ոստիկանության ծառայողները պահանջել են ճանապարհը բացել և երթևեկությունը վերականգնել, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով նրա գլխին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ակցիայի մասնակիցը ձերբակալվել է։