ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ նախազգուշացրել է Թել Ավիվին, որ Վաշինգտոնը կդադարեցնի Իսրայելին զենքի մատակարարումները, եթե ՑԱՀԱԼ-ը ցամաքային խոշոր գործողություն անցկացնի Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում, որտեղ 1 միլիոնից ավելի փախստական է ապաստանել:
Քաղաքում արդեն երրորդ օրն է՝ պայթյուններ են լսվում, իսրայելական կողմը հայտնում է Համասի տասնյակ ներկայացուցիչների չեզոքացման մասին: Ավիահարվածների հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում: Փախստականները զանգվածաբար հեռանում են քաղաքից դեպի հյուսիս:
Բայդենի խոսքով՝ տեղեկություն ունի, որ Գազայի հատվածում ամերիկյան զենքի կիրառման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել:
«Մենք չենք հրաժարվում ապահովել Իսրայելի անվտանգությունը: Մենք ուղղակի չենք ուզում, որ նրանք պատերազմեն այդ տարածքներում», - պարզաբանել է Սպիտակ տան ղեկավարը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել է, որ Վաշինգտոնն արդեն դադարեցրել է Իսրայելին որոշ զինատեսակների մատակարարումը և այժմ վերանայում է մյուս փաթեթները: Իսրայելի իշխանությունը, սակայն, հաստատակամ է՝ ընդլայնելու են Ռաֆահում ռազմական գործողությունները՝ վերջնականապես վերացնելու ՀԱՄԱՍ-ի ներուժը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։