ԱՄՆ-ում կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը, որը Թրամփի կողմնակիցն է, չի կարողացել իր կուսակից Մայք Ջոնսոնին հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից։ Բանաձևի նախագիծը դեմոկրատների աջակցությամբ մերժվել է չորեքշաբթի՝ մայիսի 8-ի երեկոյան, ձայների 359 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ՝ գրում է DW-ն։
Կոնգրեսում գործող կանոնների համաձայն՝ ցանկացած անդամ կարող է նախաձեռնել Ներկայացուցիչների պալատի նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգ։ Գրինի մտադրությունը, սկայն, նախապես դատապարտված էր ձախողման, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականները խոստացել էին իրենց ձայնը տալ ի պաշտպանություն Ջոնսոնի:
Մայք Ջոնսոնին պաշտոնանկ անելու փորձը տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության ներսում Ուկրաինային ռազմական օգնության հարցում առաջացած հակասությունների ֆոնին: Կուսակցության աջ թևը, ներառյալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ կողմնակիցներին, ձգտում է դադարեցնել օգնությունը:
Մայք Ջոնսոնը, ամիսներ շարունակ տատանվելուց հետո, համաձայնել է գնալ զիջումների և կանաչ լույս է վառել հանրապետականների կողմից Ուկրաինային ռազմական օգնության նոր բազմամիլիարդանոց փաթեթի հաստատման համար, ինչը իր կուսակցության շարքերում կոշտ գծի կողմնակիցների և Թրամփի համախոհների դժգոհությունն է առաջացրել: