Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան և հանդիպել միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանսիսկո Տարդիո Բաեսայի հետ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը՝ անդրադառնալով Բրիտանական թանգարանի և Լուվրի հետ ՀՀ թանգարանների համագործակցությանը։
Նախարարը Պրադո թանգարանի ղեկավարությանը հրավիրել է սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսին՝ ծանոթանալու նաև հայկական մշակույթին, թանգարանային գործունեությանը և միասին քննարկելու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են թանգարանային ոլորտին առնչվող մի շարք ծրագրերի։ Մասնավորապես կարևորել են թանգարանների աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։
Պրադոյի միջազգային բաժնի ղեկավարը նշել է, որ իրենք ևս իրականացնում են վերապատրաստման ծրագրեր և աշխատում են թանգարանային մենեջմենթի մագիստրոսական ծրագրեր իրականացնելու շուրջ։ Ըստ նրա՝ ներկա փուլում Պրադոյի թանգարանում ի թիվս մի շարք ծրագրերի՝ իրականացվում է նկարների վերականգնման գործընթացի հետազոտություն՝ տարբեր երկրների մասնագետների ներգրավմամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ հայկական կողմը ևս հետաքրքրված է այդ ծրագրում ներգրավվելու հեռանկարով։
Հանդիպմանը քննարկվել են նաև իրականացվող այն ծրագրերը, որոնք միտված են մշակույթի ապակենտրոնացմանը և սոցիալական լայն խմբերի ընդգրկմանը։