Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը։ «Լադանիվա»-ն ելույթ կունենա այսօր 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում` Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
Մրցութային ելույթներից հետո մեր պատվիրակի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները և Մեծ հնգյակից Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան:
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։
«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:
«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: