Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Ռաֆահում՝ օպերատիվ հսկողություն սահմանելով Գազայի սահմանային անցակետի վրա, որը շրջափակված գոտի մարդասիրական օգնություն հասցնելու հիմնական ուղին է։
Ռազմական գործողությունները սկսվել են երկուշաբթի ուշ երեկոյան, երբ հրեական պետության կառավարությունը հայտարարել է, որ հրադադարի առաջարկը չի համապատասխանում Իսրայելի պահանջներին:
Ամիսներ շարունակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի «վերջին հենակետերը» ոչնչացնելու գործողություն կիրականացնի՝ անկախ նրանից, համաձայնություն ձեռք կբերվի՞ պատանդների հետ կապված բանակցություններում, թե՞ ոչ։ ՑԱՀԱԼ-ն էլ հայտնել է, որ Եգիպտոսի սահմանամերձ քաղաքում են գտնվում ՀԱՄԱՍ-ի վեց գումարտակներից չորսը, ինչպես նաև խմբի ղեկավարության անդամները և զգալի թվով պատանդներ, որոնց առևանգել էին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե լայնամասշտաբ ներխուժում, այլ «սահմանափակ» գործողություն: Միաժամանակ Ջո Բայդենի վարչակազմը հաստատել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ անցած շաբաթ Սպիտակ տունը դադարեցրել է ավիացիոն ռումբերի մատակարարումը Իսրայելին՝ մտավախություն ունենալով, որ դրանք «կօգտագործվեն Ռաֆահում գործողության ժամանակ»։
Հոկտեմբերի 7-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն հետաձգում է Իսրայելի համար նախատեսված զենքի առաքումը։