Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է ՌԴ ԱԴԾ հինգերորդ ծառայության գործակալների ցանցի բացահայտման մասին, որը մահափորձ էր նախապատրաստում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դեմ, գրում է DW-ն։
«Հակահետախուզությունը և հանրապետության ԱԾ քննիչները խափանել են Ուկրաինայի նախագահին և երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչներին, այդ թվում՝ ԱԾ-ի նախագահ Վասիլի Մալյուկին, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովին սպանելու ԱԴԾ պլանները»,- ասվում է երեքշաբթի Ուկրաինայի հետախուզության հրապարակած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Մոսկվայի ԱԴԾ-ի կողմից վերահսկվող խմբում ընդգրկված է եղել երկու գնդապետ Ուկրաինայի պետական պահպանության վարչությունից: Այդ գերատեսչությունը զբաղվում է պաշտոնատար անձանց պաշտպանությամբ և անմիջականորեն ենթարկվում է նախագահին: Կասկածյալները ձերբակալվել են։
РБК-Украина-ն, վկայակոչելով հատուկ ծառայությունների աղբյուրները, նշել է ձերբակալվածներից մեկի անունը։ Պարբերականի տվյալներով՝ դա Անդրեյ Գուկն է, որը ղեկավարել է Պետական անվտանգության վարչության բաժիններից մեկը։