Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում այցելել է Սիլիկոնային հովիտ և շրջայց կատարել NVIDIA ընկերությունում:
Կազմակերպության փոխնախագահ Ռև Լիպարիտյանի և տնօրեն Վերժին Քարաօգլուի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության կողմից կազմակերպված ցուցադրությանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսոն Հուանգը հանդիպման ընթացքում բարձր են գնահատել կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել են ՏՏ ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ հարցերին:
Ջենսոն Հուանգը շեշտել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, ինչը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա խորացման համար:
Զրույցի ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանում բնագավառի հայտնի ներկայացուցիչ կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնման հեռանկարների շուրջ հարցեր:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն զգալի ներկայություն է դրսևորում, ինչը նաև զարգացման միտում ունի: Նախագահը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական քաղաքականության թիրախային ուղղություններից է և պետության կողմից, ըստ անհրաժեշտության, արժանանում է նաև բազմակողմանի աջակցության:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՏՏ ոլորտի և կրթական համակարգի միջև փոխգործակցության և ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և ինժեներական կրթության զարգացման ոլորտներում ներդրումների խթանման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկին: