Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։ Հարցազրույցը՝ ստորև։
«Ազատություն». - Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։
Օլիվյե Դեկոտինյի․ - Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի:
«Ազատություն»․ - Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։
Օլիվյե Դեկոտինյի․ - Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Ազատություն»․ - Ասացիք՝ Տավուշը լավ մեկնարկային կետ է, լա՞վ, թե՞ կետ, որն այդ պահին միակ հնարավորն էր։
Օլիվյե Դեկոտինյի․ - Այն սկսվել է, և մենք պետք է դրական տրամադրված լինենք։
«Ազատություն»․ - Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանության դիրքորոշումն այս հարցում, վերջերս հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել արևմտյան երկրների դեսպանների հետ։ Հանդիպե՞լ եք նրանց, և ո՞րն է եղել Ձեր ուղերձը։
Օլիվյե Դեկոտինյի․ - Ես հանդիպում եմ նրանց։ Բայց կոնկրետ այդ թեմայով չեմ հանդիպել։ Առաջարկներ ստացել եմ և, իհարկե, կհանդիպեմ։ Ի դեմս Հայաստանի՝ ունենք բարեկամ երկիր, և Ֆրանսիայի դեսպանատունը բաց է բոլոր հայաստանյան քաղաքական ուժերի համար։
«Ազատություն»․ - Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման, որի հետևանքով Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին։ Սակայն, անցած շաբաթ ադրբեջանական որոշ, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դեսպանը վերադարձել է։ Կարո՞ղ եք դա հաստատել:
Օլիվյե Դեկոտինյի․ - Ես Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը չեմ։
«Ազատություն»․ - Բայց դուք տեղյակ եք չէ՞ Ձեր գործընկերոջից։
Օլիվյե Դեկոտինյի․ - Ես պատասխանատու չեմ այդ երկրի հետ հարաբերությունների համար։ Մենք մի շարք խնդիրներ ունեինք և դեռևս ունենք Ադրբեջանի հետ, որոնց մասին հստակ հայտարարել է մեր ներքին գործերի նախարարը մի քանի օր առաջ՝ դա Ադրբեջանի միջամտության մասին էր մեր ներքին քաղաքականությանը, հատկապես Նոր Կալեդոնիայի տարածաշրջանում: Ներքին գործերի նախարարի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ։
«Ազատություն»․ - Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ:
Օլիվյե Դեկոտինյի․ - Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։