Մայիսի 6-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ ապաստան հայցողների համար Հայաստանում կացարանի կառուցմանն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու ենթակա ծառայություններում ընթացող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներին։
Խոսելով աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների կազմակերպման և համակարգմանն ուղղված նախարարության քաղաքականության մասին՝ փոխնախարարը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։
Արփինե Սարգսյանն, անդրադառնալով Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումներին, մասնավորապես առանձնացրել է թիրախային երկու ուղղություններ, որոնք միտված են ինչպես աղետների դեպքում պետության պատշաճ արձագանքմանը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումն ապահովելուն, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի հետևողական բարձրացմանը։
Պատվիրակության ղեկավար Յոհան Զաթհոֆն իր խոսքում ողջունել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները: Նա ներկայացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ներքին գործերի նախարարության կառուցվածքը և իրավասությունները։
Աղետների ռիսկի կառավարմանն ուղղված միջոցառումները և աշխատանքները համակարգված և փոխլրացված կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել փորձի փոխանակում՝ երկու պետությունների աղետների ռիսկի կառավարման ոլորտի ռազմավարություններում համագործակցության ուղղությունները սահմանելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։