Լոնդոնը Ռուսաստանի ռազմական կցորդին կարտաքսի Միացյալ Թագավորության տարածքից, չորեքշաբթի հայտնել են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին։
Նախարարը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնել է նաև, որ բրիտանական իշխանությունները դիվանագիտական կարգավիճակից կզրկեն Ռուսաստանին պատկանող անշարժ գույքի որոշ օբյեկտներ, վիզային սահմանափակումներ կհաստատեն ռուս դիվանագետների նկատմամբ։ Մասնավորապես, դրանք կազդեն վիզաների վավերականության ժամկետի վրա։
Նախարարի խոսքով՝ նման միջոցներ կձեռնարկվեն ի պատասխան «Եվրոպայում, իսկ այժմ՝ նաև Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի վտանգավոր գործողությունների»: Դրանց թվում նա նշել է լրտեսության, կիբեռհարձակումների դեպքերը։
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է Միացյալ Թագավորության ԱԳՆ, որպեսզի տեղեկացվի ձեռնարկված միջոցների մասին:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Լոնդոնի որոշմանը: