Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պատվիրակությունների՝ Ղազախստանում կայանալիք հանդիպմանը՝ այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ալմա-Աթայի հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, և դա անշրջելի իրողություն է, որովհետև դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ վարչապետն արձանագրեց, որ այն տեղի է ունենում Խորհրդային Միության՝ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։
«Ինչո՞ւ ենք խուսափում ասել՝ այ էս մի կոնկրետ քարտեզի վրա, որովհետև գիտեք,- նախկինում էլ ասել ենք,- որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետև նախկինում էլ ասել ենք, որ ճիշտ է՝ մենք Կիրանցի հատվածում ենք հիմա անում սահմանազատումը, բայց մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը, և մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում: Մենք, ըստ էության, նախկինում արած հայտարարություններից չենք շեղվել, գործում ենք այդ տրամաբանությամբ, օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանները»,- նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով սահմանային սյուների տեղադրմանը՝ Փաշինյանը նշեց. «Սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար: Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ չունենք անվտանգության երաշխիքներ, և, հետևաբար, էս պայմաններում ո՞րը պետք է լինի մեր գործողությունը: Մենք պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ, և մենք հիմա ոչ միայն սահմանազատում ենք անում. սահմանազատման նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում, և սահմանային սյուները անվտանգության երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս փուլում նպատակն է ոչ թե վերլուծություն անել՝ պատերազմ կլինի թե չի լինի, հարձակում կլինի թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի:
«Այս պահի դրությամբ աշխատանքի մեծ մասն արված է արդեն՝ 90 տոկոսն արդեն արված է, և ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ, և պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ»,- ասաց նա։