ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության և ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով:
Ստորագրման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
«Խորհրդարանական ժողովրդավարությանն անցում կատարելու առաջին իսկ փուլից ՀՀ Ազգային ժողովն ընդունել և ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը: Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ և հաշվետու դարձնելու մեր համատեղ ջանքերն ուղղված են մեր պետությունում լավ կառավարման համապարփակ և արդյունավետ համակարգի կայացմանը»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահը:
Իվանա Ժիվկովիչը բարձր է գնահատել համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ, անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին:
«Չնայած համաճարակի, հակամարտությունների և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ահռելի խոչընդոտներին՝ Հայաստանը ցուցաբերել է տոկունություն և ժողովրդավարական բարեփոխումների անսասան նվիրվածություն:
Խորհրդարանի կարողությունների զարգացման նիստերից մինչև թվայնացված լուծումների ներդրում մենք պարտավորվում ենք Ազգային ժողովին զինել ժամանակակից կառավարման բարդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ գործիքներով և փորձով»,- ընդգծել է Իվանա Ժիվկովիչը:
Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի համագործակցության համար, կարևորել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի մեկնարկը:
Ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ՆՀԺԽ առաջին ծրագրի հիմնական ձեռքբերումները և երկրորդ ծրագրի նպատակներն ու բաղադրիչները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողությունը:
Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ, որին հաջորդել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համաֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը: