ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ Սահմանադրությունն արտաքին որևէ պարտավորության իրականացմանը չի խոչընդոտում, առավել ևս մենք, էլի ասում եմ, խաղաղության պայմանագրի մեջ արդեն իսկ համաձայնեցված հոդված ունենք, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր օրենսդրությանը՝ տվյալ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար»,- նշեց վարչապետը։
Փաշինանը նաև կարծում է՝ ՀՀ իրավակարգն օտար է ժողովրդին, և դա ֆունդամենտալ խնդիր է:
«ՀՀ իրավակարգը ժողովուրդն ընկալում է ինչ-որ մի օտար բան, որովհետև ժողովուրդը չունի զգացողություն, որ ՀՀ-ում ապրելու կանոններն ինքն է իր համար որոշել։ Ինքն ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել, թե ինքը ինչ կանոններով պետք է ապրի ՀՀ-ում։
Եվ ես երկար մտածել եմ՝ լավ, ի՞նչն է սրա պատճառը, և եկել եմ եզրակացության, որ պատճառը մեկն է, որ ժողովրդի խոր ընկալմամբ ՀՀ Սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են։ Ինքը կողմ չի քվեարկել այդ Սահմանադրությանը, օրգանական կապ չունի այդ Սահմանադրության հետ, և, հետևաբար, օտարությունն առաջանում է այդտեղից»,- եզրափակեց Փաշինյանը։