Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական Եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ բան է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է: Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, այն է՝ եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն:
«Ի՞նչ է նշանակում օրհնել. նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն է: Սա քննարկելու բան էլ չէ, որովհետև հրապարակային հայտարարություններով դա ապացուցած փաստ է»,- ասաց նա: