Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:
Ասուլիսին մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Ներկայացվել են մանրամասներ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության այցի շրջանակում առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նման միջոցառումներ ընդունելու պատմության ընթացքում սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու իրավունքը տրվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի և գործկոմի Թայլանդում կայացրած որոշմամբ՝ հաշվի առնելով նման միջոցառումների անցկացման և Ծանրմարտի Եվրոպայի առաջնության անցկացման Հայաստանի փորձը: «Ես բոլորիս շնորհավորում եմ այս առիթով: Իրականում վերջին տարիներին մենք նման մեծ իրադարձությունների անցկացման արդեն պատմություն ունենք. դա և՛ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, և՛ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, Սամբոյի աշխարհի առաջնությունը, օրեր առաջ Հայաստանում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը, և եզրափակիչ խաղը մեծ տոնախմբություն էր մարզահամալիրում: Մենք ուզում ենք այս ավանդույթը շարունակել, որովհետև այն լուրջ ազդեցություն ունի մեր մարզական ոլորտի զարգացման, տնտեսության զարգացման համար, որովհետև ապահովում է Հայաստանի տեսանելիությունը: Օրինակ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը շուրջ 200 երկրում օլիմպիական մարզալիքի միջոցով հեռարձակվել է, Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը՝ մոտ 70 երկրում: Անընդհատ Հայաստանն այս ոլորտում և այս դաշտում երևում է, և մենք շատ ուրախ ենք այդ առիթով:
Եվս մի շատ կարևոր բան կա՝ մենք տեսնում ենք, որ տասնամյակներ շարունակ մեր մարզիկները գնացել են այլ երկրների մեծ միջոցառումների և տեսել են, թե դա ինչպես է տեղի ունենում այդ երկրներում, ինչպես են երկրպագուները գալիս և իրենց մարզիկներին երկրպագում հենց մարզահամալիրներում: Հիմա նրանք տեսնում են, որ Հայաստանը նույնպես նման մեծ միջոցառումներ է կազմակերպում և նման հնարավորություններ է ստեղծում մեր մարզիկների համար, իսկ արդյունքները լավագույնս խոսում են դրա մասին: Մենք անցած առաջնությանը Երևանում աննախադեպ արդյունք ցույց տվեցինք՝ ծանրամարտից 36 մեդալ մեր մարզիկները նվաճեցին»,- ասել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել, որ սա նույնպես լավ երևույթ է և, ցանկանալով այդ երևույթը շարունակական դարձնել, արդեն իսկ մեկնարկում են 2027 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները:
Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է տեսահոլովակ, որով Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտ է տրվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին նշել է. «Այն, ինչ ես տեսա Եվրոպայի առաջնության ժամանակ, ցույց տվեց, որ Հայաստանն ամենաուժեղ երկրներից մեկն է՝ կազմակերպելու որևէ մեծ միջոցառում, հատկապես՝ ծանրամարտի գծով»: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, ծանրամարտը Հայաստանում տարածված մարզաձև է, և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և Հայաստանի կառավարության հետ համատեղ 2027 թվականին կկազմակերպի լավագույն առաջնությունն ու վարկանիշային մրցաշարը: «Սա պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ Հայաստանը կկազմակերպի աշխարհի առաջնություն և վարկանիշային մրցաշար Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի համար»,-ասել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը:
Շարունակելով Մուհամմեդ Ջալուդի խոսքը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է, ինչը նշանակում է, որ հյուրընկալվելու են ուժեղագույն հավաքականներ և ուժեղագույն մարզիկներ, և իհարկե, սա լրացուցիչ պատասխանատվություն և շատ կարևոր հանձնառություն է՝ բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու առաջնությունը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն իր խոսքում նշել է. «Եվրոպայի առաջնության կազմակերպումը մեծ հեղափոխություն էր ծանրամարտի կազմակերպչական ոլորտում, և կարծում եմ, որ դա լավագույն եվրոպական առաջնությունն էր վերջին 10 տարիների կտրվածքով: Դա նշանակում է, որ խոշոր միջոցառում կազմակերպելու Հայաստանի հնարավորություններն ու կարողությունները, իրոք, շատ մեծ են»: Անտոնիո Ուրսոն ընդգծել է, որ 2027 թվականին ավելի քան 600 ծանրամարտիկ կգա Հայաստան և ավելի քան 120 պետություն ներկայացված կլինի:
Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ասուլիսը 2027 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ առաջին միջոցառումն էր և ընդգծել, որ առաջիկա երեք տարիների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ կլինեն խոսելու 2027 թվականի առաջնության մասին և ներկայացնելու այն աշխատանքները, որոնք կատարվելու են: