ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոևան, Տիգրան Պարսիլյանը և Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով նաև Վենետիկի հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է որոշակի դիտարկումներ և առաջարկներ նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներն ընդգծել են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ նախատեսում են այդ կապակցությամբ քննարկումներ ունենալ շահագրգիռ կառույցների, ինչպես նաև Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն:
Զրուցակիցները քննարկել են նախագծին, ինչպես նաև թեմային առնչվող հարցեր, ընդգծել գործակցելու պատրաստակամությունը:
Նույն օրը հյուրերի հետ հանդիպել և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությանը վերաբերող հարցեր են քննարկել ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Զեմֆիրա Միրզոևան և Իրինա Գասպարյանը: