Խոսում ենք բիրտ ուժի մասին, բայց եթե իրավական համակարգն ուժ կիրառելու հնարավորություն չունենա, չի կարող լինել իրավապահ մարմին: Աշխարհի բոլոր երկրներում իրավապահներն ուժ կիրառելու իրավունք ունեն: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից քաղաքացիների խոշտանգման մասին ահազանգերին:
Ըստ Փաշինյանի՝ արձանագրել է, որ ուժի կիրառման ստանդարտ ՀՀ-ում գոյություն չունի, ուստի Ոստիկանական գվարդիայի ստեղծման աշխատանքների շրջանակում հանձնարարական է դրել, որ պետք է լինի ստանդարտ, թե որ դեպքում է ոստիկանությունն ուժ կիրառում:
Վարչապետը կարծում է՝ խնդիրը պետք է ոչ միայն քաղաքացու տեսնակյունից դիտարկել, այլև ոստիկանության, որն իր օրինական գործողությունը կատարում է, որից հետո իրավապահներին տարբեր մարմիններ են կանչում, վերջինս էլ ասում է՝ աշխատանք եմ արել, ինչո՞վ եմ մեղավոր:
«Ձեր հարցի շատ ուղիղ և անկեղծ պատասխանն այն է, որ դա մեր օրակարգն է, որ լուծենք, Հայաստանի ինստիտուտները հնարավորինս զարգանան, որպեսզի նման դեպքերը բացառվեն, կամ եթե բացառելը հնարավոր չէ, նվազագույնի հասնեն: Դա մեր նպատակն է: Մարդկանց խոշտանգելը մեր նպատակադրումը չէ, և գոնե հույս ունեմ՝ դա տեսանելի է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին իր նկատմամբ ևս խմբային հարձակումներ են եղել, և որ ամեն առանձին դեպք պետք է արժանանա առանձին գնահատականի:
«Պետությունը պետք է ունենա լծակներ, այդ թվում՝ ուժային հարկադրանքի միջոցներ կիրառելու: Բայց արդյոք դա պե՞տք է լինի օրինական, թե՞ ոչ: Այդտեղ վեճ չկա: Այո՛, պետք է լինի օրինական: Եթե դեպք կա, որ օրենքի գիծը հատվել է, և դա ապացուցելի է, պետք է արժանանա գնահատականի»,- ասաց նա: