Նախորդ տարի Մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ: Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ: Ես չեմ էլ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցել է Մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որևէ երկրի: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ զբաղվածություն է ունենալու նա ՌԴ-ում նշվող Մայիսի 9-ի շքերթի օրը, որին Փաշինյանը չի մասնակցելու:
«Չե՞ք կարծում, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ, ասենք, ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի Մայիսի 9-ի շքերթին»,- ասաց նա և հավելեց. «Վաղը ես ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում նախագահում եմ, և դե յուրե պետք է այնտեղ լինեմ. դա իմ աշխատանքի մի մասն է»:
Անդրադառնալով հայկական մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հետ կապված քննարկմանը՝ Փաշինյանը պարզաբանեց, որ հայկական կողմն ակնկալում է, որ այդ հեռարձակումները ՀՀ քաղաքացիների և ընդհանրապես ՀՀ պետական կարգը հարգեն:
«Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում, մանավանդ չեմ պատկերացնում, որ, ասենք, օրինակ, նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգի, Կառավարության, պետության մասին, նույն բառապաշարով չէ, դրա 5 տոկոսի չափով, ու հնարավոր լինի ՌԴ-ում շարունակել եթերը: Չի կարող նման բան լինել, բացառված բան է:
Հիմա մենք ի՞նչ ենք ասում (կնքված պայմանագրից էլ է բխում, իմիջիայլոց). որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի և նրա շահերի նկատմամբ»,- ասաց նա:
Հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ըստ Փաշինյանի, հայկական կողմը կարող է մի քանի անգամ խնդրել, հոտո՝ մի քանի անգամ պահանջել, բայց եթե այդ պահանջը չկատարվի, պետք է բացառել, որ այդ հեռուստատեսությունները կարողանան իրենց հեռարձակումները կատարել ՀՀ-ում: