ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը ՀՀ-ում խորհրդարանական ժողովրդավարության կայացման գործում շարունակական ջանքերի և Մեծ Բրիտանիայի Թագավորության Միջազգային զարգացման գործակալությանը՝ առաջին ծրագրի ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ողջունել Նորվեգիայի Հանրապետության կառավարության հետ սկսվող համագործակցությունը:
«Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն, և այս ճանապարհին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել ու ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործունեությունը: Ծրագրի դրական արդյունքները նկատելի են թե՛ Ազգային ժողովի աշխատանքում, թե՛ քաղաքացիների և քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններում»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը տարբեր ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու հարցում հատկանշական է մեզ համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության աշխատանքը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման հարցում»,- նշել է Իվանա Ժիվկովիչը:
Անդրադառնալով «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին` ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը գոհունակությամբ փաստել է առաջին ծրագրի հաջող իրականացման մասին` շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին ծրագրի իրականացմանն անվերապահ աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը` կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցում: