Կարծում եմ՝ ակնհայտ է որ ամենամեծ անհաջողությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնավարման ընթացքում ունեցած հաջողություններին և անհաջողություններին:
«Բայց նաև շատ կարևոր է հասկանալ, թե ինչու հնարավոր չեղավ խուսափել 2020 թվականի 44-օրյա պատերազմից, որը, իմիջիայլոց, կապ ունի այսօրվա իրավիճակի հետ: Ինչո՞ւ է այսօր Կառավարությունը խոսում պատերազմից խուսափելու մասին և դա հնարավոր համարում, իսկ այն ժամանակ հիմնավորում, որ դա հնարավոր չէ:
ԼՂ-ի հետ կապված իրադրությունը, ըստ էության, փակուղային էր 2018 թվականի դրությամբ: Ես հիմա չեմ ուզում հիշեցնել, որ այդ մասին խոսել է նաև Սերժ Սարգսյանը: Ինչո՞վ էր արտահայտվում այդ փակուղին: 2018 թվականի առկա կետից առաջ գնալու համար անհրաժեշտ էր իրականացնել հետևյալ քայլերը կամ առնվազն համաձայնել այդ քայլերին.
1. 7 շրջանների վերադարձը.
2. ԼՂ-ի ընթացիկ՝ այն ժամանակ գոյություն ունեցող կարգավիճակի լուծարումը, արձանագրումն այն բանի, որ ԼՂ-ը միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլև ինքը ինչքան հայերի կողմից է կառավարվում, այքան էլ կառավարվում է ադրբեջանցիների կողմից: Սրա արդյունքով ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում.
3. ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգում:
Նույնիսկ այս ամենն անելուց հետո պատերազմը շարունակում է մնալ անխուսափելի: Չի երևում՝ ինչ է լինելու հետո, ինչ է լինելու սրա վերջը: Սա շատ կարևոր արձանագրում է»,- նշեց վարչապետը:
«Այդ ձախողումը, իհարկե, ողբերգական և կատաստրոֆիկ ձախողում է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինքս ինձ հետ մոտ 4 տարվա խոսակցության բոլոր դետալները գծելու և վերագծելու արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ դա անխուսափելի էր, և՛ այն դեպքում, երբ որ մենք չգնայինք իմ ասած ճանապարհով, և՛ այն դեպքում, որ գնայինք իմ ասած ճանապարհով»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ամենամեծ հաջողություն այն է, որ այդ ամենով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթահարում է: «Եթե նույնիսկ մի քիչ հավակնոտ գտնվեմ, կասեմ՝ հաղթահարել է ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը, ինչը Հայաստանի պետականության հարատևության շատ էական հիմքեր է ստեղծում, որը 2019-ին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության առանցքային միտքն է, այդ ռազմավարության նպատակը:
Մենք, ըստ էության, այսօր կարող ենք ասել, որ այս բոլոր աղետների միջով անցնելով՝ մենք եկել ենք, հասել ենք մի տեղ, երբ որ այլևս տեսնում ենք հորիզոն, երբ որ տեսնում ենք հեռանկար:
Այսօր ես շատ հստակ եմ տեսնում և կարծում եմ՝ նաև մեր ժողովուրդը պետք է հստակ տեսնի նեգատիվ անիվի կանգնելու կետը: Այն, ինչ որ այսօր, ինչքան էլ ցավոտ նրբություններով, տեղի է ունենում Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր հատվածում, էլի եմ ասում՝ մենք այս խոսակցությունը սկսել ենք նրանից, որ անվտանգության երաշխիք չկա, հիմա մենք ստեղծում ենք այդ երաշխիքները: Այսօր այդ երաշխիքները ստեղծվում են, և այդ երաշխիքները գործում են, և այդ երաշխիքները գործելու են: Էլի եմ ասում՝ մեր վերջին շրջանի պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք ամբողջությամբ ինքնուրույն, ինքնիշխան որոշման տրամաբանությամբ այդ որոշումները կայացնում ենք, և այդ երաշխքիները ստեղծում ենք. սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: