Լա՛վ, եկեք ենթադրենք այսպիսի մի իրավիճակ: Ես ասում եմ՝ շա՛տ լավ, հարգելի՛ լրագրողներ, եպիսկոպոսնե՛ր, Վեհափա՛ռ Հայրապետ, որ ասում եք, շատ լավ. վաղը առավոտից կամ ինչո՞ւ վաղը առավոտից, այսօր ցերեկվանից կասեցնենք [սահմանազատման] գործընթացը: Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Դրանից հետո լինելու է մի բան, պարզ բան. սկսվելու է պատրերազմ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոգևորակաների կողմից առաջ քաշվող պահանջին, այն է՝ կասեցնել սահմանազատման գործընթացը:
Ըստ Փաշինյանի՝ նպատակն ի սկզբանե եղել է թույլ չտալը, որ տեղում սահմանազատում իրականացվի, որի «անխուսափելի հետևանքը» կլինի պատերազմը, որը, ըստ վարչապետի, դելեգիտիմացված չի լինի, և սահմանազատումը դադարեցնող ուժերի, արտաքին որոշ ուժերի աջակցությամբ ամեն ինչ կարվի, որպեսզի Հայաստանի նոր տարածքներ օկուպացվեն. դա էլ կօգտագործվի ՀՀ-ում քաղաքական փոփոխություն իրականացնելու համար:
«Պատերազմը՝ ներքին և արտաքին, մի շարք ուժերի գիտե՞ք՝ ինչի համար է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել՝ առանց ընտրությունների, որովհետև միայն այս սցենարն է, որ դա հավանական է դարձնում»,- ասաց նա և նկատեց, որ նույն սցենարը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ էր գործում:
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման գործընթացի կասեցում պահանջողների քաղաքական օրակարգը հետևյալն է. «Սադրել պատերազմ, ապահովել պատերազմի արդյունքում իշխանափոխություն Հայաստանում՝ ո՛չ ընտրական, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացվեն, հակառակ դեպքում դրա ֆոնը տեղի չի ունենալու: Հաջորդաբար՝ ոչ լեգիտիմ, մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ի և ՀՀ-ի ինքնիշխանության ու պետականության դե ֆակտո լուծարում դե յուրե լուծարումից առաջ: Սա է այդ սցենարը, և դա այնքա՜ն ակնհայտ է»: