Շատ է խոսվում 1988 թվականի սահմանազատման աշխատանքների մասին, թե, իբրև, Կառավարությունն այդ մասին չգիտի, այդ թղթերը ոչնչացրել է: Ձեզ ուզում եմ ասել, որ ես սեփական ձեռքերով այդ թղթերը շոշափել եմ և տեսել եմ, բայց ոչ ամբողջը, որովհետև ծավալը մեծ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացում Կառավարությունը չի՞ դիտարկում 80-ականների վերջի քարտեզները:
Ըստ Փաշինյանի՝ ուսումնասիրվել են սահմանազատման բոլոր փաստաթղթերը, որպեսզի հստակ հասկանան, թե որտեղով է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը:
«Ձեր հարցի ուղիղ պատասխանը հետևյալն է. այդ թղթերը մենք ունենք, այդ թղթերը մենք տեսնում ենք, մեր սեղանին են, մեր աշխատանքային թղթերի ցանկում են, բայց այդ փաթեթը, այդ գործընթացն իրավական ուժ չի ստացել: Սա պետք է դուք բոլորդ իմանանք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու է սահմանազատումն սկսվում Տավուշի մարզից, Փաշինյանը պատասխանեց՝ անվտանգության երաշխիք ստեղծելու համար:
«Երբ այս գործընթացը բնականոն ճանապարհով գնա, ավարտվի, հասնի իր լրումին, դա ինքնին լինելու է անվտանգության երաշխիք: Մենք այս քայլին գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար, պատերազմը ընդհանրապես որևէ լեգիտիմ հիմքից զրկելու համար, և սա է եղել մեր նկատառումը,- ասաց նա և հավելեց.- կարող եք հարց տալ՝ եթե այլ տարածքից սկսվեր, նույն պատերազմը չէ՞ր դելիգեիտիմանալու: Ո՛չ: Ինչո՞ւ՝ կհարցնեք դուք: Շատ պարզ պատճառով. որովհետև այս դեպքում խոսքը բնակավայրերի, բնակատեղիների մասին է: Սա շատ կարևոր նրբություն է»:
Փաշինյանը նաև նկատեց, որ 2021, 2022 թվականների էսկալացիաները միջազգային հարթակներում բացատրվել են շատ դեպքերում «4 ադրբեջանական գյուղերի գործոնով»:
«Մեզ համար զարմանալիորեն այդ իրավիճակներում, որտեղ պետք է ՀՀ-ն լիներ հայցվորի դերում, եղել է պատասխանողի դերում, և հարց է եղել՝ ինչո՞ւ չեք լուծում այդ 4 գյուղերի հարցը»,- ասաց Փաշինյանը: