ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ տարածաշրջանային միջավայրին: «Ուզում եմ մեկնաբանել «թշնամության կառավարում» արտահայտությունը: Ի՞նչ է նշանակում «թշնամության կառավարում»: Դա նշանակում է՝ 1. այնպես անել, որ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում. 2. հասցնել այն նվազեցման փուլին և երկարաժամկետ ռազմավարության առումով շարժել դեպի զրոյացման ուղղություն: Իհարկե, այս համատեքստում դուք տեսնում եք, որ հատուկ կարևորություն ենք տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետև մենք համարում ենք, որ թշնամության զրոյացումը, նույնիսկ նվազեցումը հնարավոր է, երբ որ տնտեսական հաղորդակցությունները բաց են, և այդ հաղորդակցությունն օգտագործվում է գործարարության հաղորդակցության նպատակների համար, և հընթացս զուգորդված տնտեսական շահով կարելի է և երկարաժամկետում քաղաքական իրագործելի խնդիր համարել նաև այս հարցը»,- ասաց նա:
Անդրադառնալով անվտանգության հետ կապված հարցերին՝ վարչապետն ասաց. «Անվտանգության ապահովումը մենք պատկերացնում ենք արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության և պատշտպանության համակարգի ներդրում, բայց ես էլի ուզում եմ ասել, որ, իհարկե, անվտանգության ոլորտի այս թվարկումն էլ համապարփակ չէ. շատ կարևոր է ընդգծել, որ մեր համոզմունքն է, որ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը լեգիտիմությունն է: Այսինքն՝ արտաքին հարաբերությունների բազմազանեցում՝ 1. պարտադիր լեգիտիմության հենքի վրա, որովհետև ոչ լեգիտիմության հիմա վրա այդ հարաբերությունները չեն բազմազանանա երբեք, և 2. բազմազան դառնալու դեպքում էլ չեն ունենա դրական էֆեկտներ անվտանգության ապահովման վրա»: