Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը և ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը: Այդ պահից մեզ համար առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է անվանել «համազգային նպատակներ»: Այդ մասին մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ այդ օրակարգի լիաթոք սպասարկման գործընթացը բացահայտել է հայեցակարգային և գործնական մի շարք խնդիրներ, որոնք առարկայացել են առավելապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և դրանից հետո: Ամբողջ ընթացքում մենք կարևոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանց լուծումը համարելով կենսական:
«Այդ ամենին գործնականորեն առնչվելու ընթացքը մեզ համար բացահայտել է խնդիրների մի մասի ոչ միայն անլուծելիություն, այլև դրանց անհամատեղելիությունն անկախության, ինքնիշխանության, պետականության գաղափարների և պրակտիկայի հետ:
Ավելին՝ որոշ օրակարգեր ի ցույց են դրել կանխորոշված փակուղային լինելը, որոնց հավանական խորքային նպատակը մեր երկրի կայացումն ու զարգացումը թույլ չտալն է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, պետականության ռազմավարական թիրախավորմամբ»,- ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս եզրահանգումներն առաջ են բերում ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտություն:
«Այս անհրաժեշտությունից է բխում իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել եմ ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը ԱԺ-ում ներկայացնելիս»,- ասաց վարչապետը: