Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր իսրայելցի գերիների ազատ արձակում, հաղորդում է Al Araby Al Jadeed-ը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը համաձայնել է 42 օրվա ընթացքում ազատ արձակել 33 իսրայելցի գերու։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը լուրջ չի տրամադրված հրադադարի հասնելու և գերիների ու պահվող անձանց փոխանակման գործարքի հարցում, ուստի այդ դիրքորոշումը ստիպում է Թել Ավիվին մոտ ապագայում ռազմական գործողություններ սկսել Ռաֆահում:
Իսրայելական կողմը տևական ժամանակ է՝ սպառնում է գործողություններ սկսել Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ այժմ 1.3 միլիոնից ավելի փախստական է ապաստանել. Թել Ավիվի պնդմամբ՝ այնտեղ նաև ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալներ են թաքնվում:
Միջազգային հանրությանը, այդ թվում՝ Վաշինգտոնին, մտահոգում է, որ ՑԱՀԱԼ-ի հնարավոր գործողությունը կարող է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի պատճառ դառնալ: Միացյալ նահանգներն Իսրայելից պաղեստինցիների համար անվտանգության երաշխիքներ է պահանջում:
Չնայած միջազգային հանրության մտահոգությանը՝ իսրայելական կողմը Ռաֆահի արևելյան հատվածներում ապաստանած պաղեստինցիներին կոչ է արել տեղափոխվել «մարդասիրական գոտի», որը նշված է ՑԱՀԱԼ-ի հրապարակած քարտեզի վրա:
Զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ փախստականների համար կնախապատրաստվեն դաշտային հիվանդանոցներ, վրաններ, սննդի, ջրի, դեղորայքի պաշարներ:
Reuters-ի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահից տարհանվելու՝ Իսրայելի հրահանգը «վտանգավոր էսկալացիա է, որը հետևանքներ կունենա»:
ԶԼՄ-ները գրում են, որ փախստականներն արդեն սկսել են լքել Ռաֆահի արևելյան տարածքները, քաղաքում վերջին ժամերին պայթյուններ են եղել: