Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պաշտոնական այցով ժամանել է Եվրոպա: Նրա առաջին կանգառը Ֆրանսիայում է։ Մայիսի 6-ին և 7-ին կանցկացվի ֆրանս-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին նվիրված միջոցառում:
Ելիսեյան պալատից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի և Ֆրանսիայի ղեկավարները նախ կանդրադառնան Ուկրաինայի պատերազմի խնդրին։
«Չինաստանը Ռուսաստանի գլխավոր գործընկերներից մեկն է», ուստի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կփորձի համոզել Պեկինին «օգտագործել իր լծակները Մոսկվայի վրա՝ նպաստելու հակամարտության կարգավորմանը», հայտարարել է Ելիսեյան պալատը:
Ինչ վերաբերում է առևտրային քաղաքականությանը, ապա, ըստ վերլուծաբանների, սպասվում են լարված քննարկումներ:
Ֆրանսիայի նախագահի նպատակն է բարելավել ֆրանսիական և եվրոպական ընկերությունների մուտքը չինական շուկա և ստեղծել ավելի արդար «մրցակցային պայմաններ» նրանց համար, ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Չինաստանի նախագահը Ֆրանսիայից կմեկնի Հունգարիա և Սերբիա: Այս երկու երկրները համարվում են Եվրոպայում չինական «Նոր Մետաքսի ճանապարհ» տրանսպորտային նախաձեռնության իրականացման դարպասը: