Դեռ անցյալ տարվա վերջից խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար և Ադրբեջանի կողմից: Հույս ունենք, որ այս գործընթացը, որը տեղի է ունենում, ևս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է և հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետև հայկական կողմն այդ ուղղությամբ գնալու է և աշխատանքներ է իրականացնելու մշտապես: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահն ասում է, որ խաղաղության պայմանագրում ամբողջությամբ իրենց մոտեցումներն են, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որոնք նաև մեր մոտեցումներն են, և բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է: Դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում-գալիս է: Բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետև իրենք իրենց առաջարկն են ուղարկում, մենք ասում ենք՝ չէ՛, սա էլ մեր առաջարկն է: Դրա համար էլ պրոցեսն այսպես երկարում է»,- ասաց նա:
Հարցին՝ ո՞րն է կողմերի հիմնական տարաձայնությունը, ԱԺ նախագահը տեղեկացրեց. «Հիմնական տարաձայնություն չկա, հերթով կետերով գնում ենք, այսինքն՝ գալիս, հասնում ենք այս կետերին, սա ենք քննարկում, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում և հերթով...
Շատ կարևոր է, որպեսզի երկակի մեկնաբանության տեղ չթողնենք: Տեսեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված նման սակարկումներ որոշ երկրներ ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին անել, և դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձևակերպումները երկու կողմի համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ մեկը չասի՝ դու այստեղ ինձ մի բան ես խոստացել, մյուսն ասի՝ ինձ մի բան ես խոստացել»: