ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ո՛չ՝ ասաց Ալեն Սիմոնյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան
Հարցին՝ արդյոք պատասխանել է ՌԴ Պետդումայի գրությանը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ գրությանը չպատասխանելու վերաբերյալ ակնարկին, Սիմոնյանը հայտնեց, որ ինքը ոչ մի գրություն չի ստացել:
«Ում ուղարկել են՝ իրեն հարցրեք: Եթե չեմ սխալվում, գործընկերս վաղուց պատասխանն ուղարկել է: Ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային այդպես էր հարմար: Պարզ է, չէ՞, որ բեմականացված հարցուպատասխան է մշտապես տեղի ունենում»,- ասաց Սիմոնյանը:
Լրագրողների պնդումներին, թե ում է ուղղված եղել գրությունը, Սիմոնյանը պատասխանեց՝ Սարգիս Խանդանյանին (ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ - խմբ.):
Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ տեղյա՞կ է արդյոք պատասխան գրության բովանդակությանը, թե՞ ոչ:
«Ինչ ասել եմ, ճիշտ ու տեղին եմ ասել: Նոր բան չեմ ասել և նույն բաները պատրաստ եմ ասել այսօր և մշտապես կրկնել»,- նշեց ԱԺ նախագահը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ում անումից է Սիմոնյանն արել հայտարարությունները, նա ընդգծեց՝ ինքն ամենաուղիղ մանդատով ընտրված մարդկանցից մեկն է:
«Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է, և իրենց պատկերացումներն այդպիսին են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնում են ժողովրդին»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը: