Անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում, և մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումն իսկապես բխում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների շահերից: Այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է այս տարի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, և որ կետերն են, որ արձանագրում են երկու երկրների դիրքորոշումների տարբերությունները:
«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով»,- հավելեց նախարարը՝ անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում կայանալիք հանդիպմանը:
Արձագանքելով ադրբեջանցի լրագրողի ձևակերպմանը, թե կարծես խաղաղության պայմանագրի մասով առաջարկվող փոփոխությունների գործընթացը «պինգ-պոնգ դիվանագիտություն» լինի, երբ գնդակը մի խաղադաշտից տեղափոխվում է մյուս խաղադաշտ, Միրզոյանը արձագանքեց. «Որքան նկատեցի, գուցե կատակով, գուցե հեգնանքով «պինգ-պոնգ դիվանագիտություն» անվանեցիք մեր հանդիպումները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց այդ նույն «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, և նաև գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ, մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում, և, ըստ էության, սկսել են սահմանազատման գործընթացը»:
Նախարարը նաև հիշեցրեց, որ երկու երկրները համաձայնության են եկել սկզբունքի շուրջ, 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար վերահաստատել են միմյանց տարածքների ճանաչումը, նաև այն, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991 թվականի հռչակագրին համապատասխան:
«Եվ ահա, ես ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել այն մասին, որ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս կհաջողվի համաձայնության հասնել, կամ այս նույն հավատարմությունը, նույն սկզբունքը հստակորեն արտացոլել խաղաղության պայմանագրում, և դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Արարատ Միրզոյանը նշեց, այս հարցում կողմերի միջև դեռ լիարժեք փոխըմբռնում չկա:
«Բայց ունենք Հայաստանի շահագրգռվածությունը՝ բացելու բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքներին համաձայն…
Եվ հիմա եթե մեզ հաջողվի այս ամենը հստակորեն արձանագրել նաև խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք հասնում ենք տեղ երկարատև խաղաղության հաստատման առումով»,- ասաց նախարարը: