Մեծ պատիվ է մեզ համար 15 տարվա ընդմիջումից հետո հյուրընկալել ՀՀ ԱԳ նախարարին: Սա առաջին անգամն է իմ՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց ի վեր, որ Հայաստանի դրոշը տեղադրվում է մեր նախարարության շենքում: Այդ մասին նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
Ըստ Հունգարիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Կովկասյան տարածաշրջանը վերջին մի քանի տարիների և տասնամյակների ընթացքում ականատես է եղել հակամարտությունների, որոնք «դժվարություններ և տառապանք» են պատճառել տարածաշրջանի բնակիչներին:
«Մեր նպատակը և խնդիրը եղել է խաղաղության սատարումը, և նույնը վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, այդ իսկ պատճառով ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն, որոնց ականատեսն ենք եղել, որպեսզի ապահովենք երկարաժամկետ և կայուն խաղաղությունը տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանում բնակվող մարդկանց համար:
Հունգարիան այս դեպքում, ինչպես նաև տարածաշրջանի առումով կցանկանար նպաստել խաղաղապահ ջանքերին, այդ իսկ պատճառով էլ մենք որոշել ենք և նաև համաձայնության ենք եկել 2022 թվականի դեկտեմբերին մեկնարկել մեր դիվանագիտական կապերն ու հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց նա: