Շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի հետ այցելել է Հուշակերտ բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզի շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Ծրագրի շրջանակում նախատեսվում էր մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացում, տանիքի, պատուհանների, դռների փոխարինում նորերով, ինչպես նաև վերանորոգման այլ աշխատանքներ:
Շուրջ 60 երեխայի համար նախատեսված երկհարկանի և միահարկ անցասրահներով իրար միացած երկհարկանի և միահարկ մասնաշենքերից բաղկացած կառույցի (ընդհանուր 794.5 քմ մակերեսով տարածք) հիմնանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:
Նշենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզի ջեռուցման համակարգը՝ 7 միլիոն դրամ արժեքով: Մեկ այլ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային տարածքը: Ենթածրագրի արժեքը կազմում է 12 միլիոն դրամ:
Վերջին երկու ծրագրերն էլ ֆինանսավորվում են 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ: