ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մայիսի 8-ին կայանալիք Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ հայտարարել է, որ վերջերս Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր մակարդակներում շփումները պակասել են։
«Քննադատություն է հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հասցեին, Հայաստանը դե ֆակտո սառեցրել է կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը, թեև դեռ ամբողջովին չի հրաժարվում դրանից: Այնուհանդերձ, Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից», - մանրամասնել է Պուտինի օգնականը:
Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը զարգացնում է երկխոսությունը Արևմուտքի հետ, ԵՄ-ին միանալու տարբերակներ է դիտարկում, ակտիվացվում ՆԱՏՕ-ի հետ կապերը:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք կարևորում ենք առաջիկա երկկողմ հանդիպումը, որը, կարծում եմ, կօգնի լուծել առկա խնդիրները», - շեշտել է Ուշակովը։
Նա նաև հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
Ուշակովի խոսքով՝ միջոցառմանը ներկա կգտնվեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, այլ երկրների և կազմակերպությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։