Իսրայելը, Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության նախապատրաստման ֆոնին, սկսել է բնակչության տարհանումը քաղաքից։ Իսրայելի զինվորականները երկուշաբթի՝ մայիսի 6-ին, կոչ են արել Ռաֆահի արևելյան հատվածի բնակիչներին տեղափոխվել «ընդլայնված մարդասիրական տարածք»՝ Ալ-Մավազի ճամբար, որը գտնվում է մի քանի կիլոմետր դեպի հյուսիս՝ Միջերկրական ծովի ափին:
Իսրայելական բանակը հայտնել է, որ Ռաֆահի բնակիչներին տարհանման մասին իրազեկում է պաստառների, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և արաբերեն լրատվամիջոցների հաղորդագրությունների միջոցով: Զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ փախստականների համար կպատրաստվեն դաշտային հիվանդանոցներ, վրաններ, սննդի, ջրի, դեղորայքի պաշարներ: ԶԼՄ-ները գրում են, որ փախստականներն արդեն սկսել են լքել Ռաֆահի արևելյան տարածքները:
Միաժամանակ Կահիրեում անարդյունք են ավարտվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների բանակցությունները: Արևմտյան լրատվամիջոցների տվյալով՝ ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում գնալ զիջումների, Թել Ավիվն էլ չի ընդունում շարժման պահանջները, այն է՝ ռազմական գործողությունների դադարեցում, զորքերի դուրսբերում, տեղահանվածների վերադարձ, մարդասիրական մատակարարումներ: