Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների բանակցությունները կրկին ավարտվել են անարդյունք: Արևմտյան լրատվամիջոցների տվյալով՝ Թել Ավիվը չի ընդունում հրադադարի հետ կապված՝ շարժման պահանջները, ՀԱՄԱՍ-ը, սակայն, պատրաստ չէ գնալ զիջումների: Ավելի վաղ շարժումը հայտարարել էր, որ Իսրայելից պահանջում է ռազմական գործողությունների դադարեցում, զորքերի դուրսբերում, տեղահանվածների վերադարձ, մարդասիրական օգնություն և գերիների ու պահվող անձանց փոխանակում:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գերիներին ազատ արձակելու դիմաց ՀԱՄԱՍ-ի ներկայացրած պահանջները չեն կարող իրականացվել, քանի որ դա կամրապնդի պաղեստինյան շարժման դիրքերը և վտանգներ կստեղծի Իսրայելի համար: Նեթանյահուն, այնուհանդերձ, հավատացրել է՝ եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի իր պահանջներից, Թել Ավիվը պատրաստ է հրադադար հաստատել՝ վերադարձնելու ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 130-ից ավելի գերիներին:
Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը լուրջ չի տրամադրված հրադադարի հասնելու հարցում: «Դա նշանակում է, որ մոտ ապագայում ռազմական գործողություններ կսկսենք Ռաֆահում և ամբողջ Գազայի հատվածում», - նախազգուշացրել է Յոավ Գալանտը:
Իսրայելական կողմը տևական ժամանակ է՝ սպառնում է գործողություններ սկսել Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ այժմ 1.3 միլիոնից ավելի փախստական է ապաստանել. Թել Ավիվի պնդմամբ՝ այնտեղ նաև ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալներ են թաքնվում: Միջազգային հանրությանը, այդ թվում՝ Վաշինգտոնին, մտահոգում է, որ ՑԱՀԱԼ-ի հնարավոր գործողությունը կարող է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի պատճառ դառնալ: Միացյալ նահանգներն Իսրայելից պաղեստինցիների անվտանգության ապահովման և տարհանման երաշխիքներ է պահանջում:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իսրայելական ուժերը երեկ արդեն հարվածել են Ռաֆահին, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել: Reuters-ը գրում է՝ հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ստանձնել են Քերեմ Շալոմ անցակետի վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով, ըստ մի շարք ԶԼՄ-ների, իսրայելցիներ են զոհվել:
Գազայի հատվածում զարգացումներն ուղեկցվում են Իսրայելում բողոքի զանգվածային ակցիաներով: Հազարավոր ցուցարարներ պահանջել են Բենիամին Նեթանյահուի հրաժարականը, ինչպես նաև արագացնել հրադադարի հաստատումը և գերիների ազատ արձակումը: Քաղաքացիների և իրավապահների միջև բախումներ են եղել, կան ձերբակալվածներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: