Ո՞ւմ համար պարզ չէ, որ 2018 թվականից հետո Հայաստանում այլևս հնարավոր չէ խոսել բռնաճնշումների, հավաքների ազատությունը արհեստականորեն խոչընդոտելու մասին: Պարզից էլ պարզ է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Բոլորս հիշում ենք Բաղրամյան պողոտայի վրանները երկար ժամանակ, բեմականացումները, ատելության խոսքերը, բռնության կոչերը, որոնք տարածվում էին այդ օրերին, այն հայհոյախոսությունը, որ տարածվում էր մեր հայրենակիցների պատուհանների տակ: Այս մարդիկ այդ ամենն արել են և հիմա եկել, իշխանություններին մեղադրում են հավաքների ազատությունների բռնաճնշումների մեջ»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատասխանելով կալանքների թվի ավելացման մասին խորհրդարանականների բարձրաձայնած մտահոգություններին՝ համաձայնեց՝ դա լավ չէ, սակայն նկատեց՝ մեր երկրում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել 2018-ին, դեռևս չենք հասցրել կատարել ինստիտուցիոնալ փոփոխություններ:
«Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, որոնք պետք է իրենց արժանի պատիժը ստանան, և որոնք 30 տարուց ավելի կեղեքել են մեր ժողովրդին: Այդ գործերի հետ կապված՝ հույս ունեմ՝ դատախազությունը մեզ լավ լուրեր կհայտնի առաջիկայում՝ ապօրինի գույքի հետ կապված, և այլն»,- նշեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին առնչվող ընդդիմադիրների քննադատությանը՝ հարց հնչեցրեց՝ հանրությունը երբևէ տեսե՞լ է, որ նրանք դրամահավաք անեն, որտեղի՞ց ընդդիմադիրներին այդ ֆինանսական միջոցները:
«Ո՞ւմ փողերով էիք անում ձեր նախընտրական քարոզարշավը: Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում: «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքն անցկացվել է օրենքով, եթե կան դժգոհություններ, գնացեք, անցեք իրավական գործընթացներով: Մենք մի կուսակցություն ենք, որ բաց, թափանցիկ կառավարում է իրականացնում: Դուք 30 տարի դրամահավաք եք արել այս երկրում, ուղղակի մարդիկ իրենց կամքով չեն մասնակցել այդ դրամահավաքին»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հողեր հանձնելու վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը, հայտարարեց՝ իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից որևէ հող չի հանձնում: