Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։
Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցները, սպառողների խոցելի խմբերի պաշտպանությունը, կիրարկման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը և այլն:
Համաժողովի շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արդյունավետ գործունեության թեմայով, որի ընթացքում Գեղամ Գևորգյանը կներկայացնի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մարդկային ռեսուրսների և կիրակման գործիքակազմերի կառավարման վերաբերյալ:
ՄՊՀ-ն ICPEN-ի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։ Այն միջազգային հարթակ է, որը կոչված է հաղթահարել սպառողների պաշտպանության ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները ողջ աշխարհում։ ICPEN-ի անդամ են իրավասու կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և այլն։